Իշխանությունն ունակ չէ մեր պետության շահերից բխող բանակցություններ վարել․ Մելքումյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

Մելքումյան

Ինչպես և նախորդ օրը հայտնել եմ, լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում և Կուբաթլիում ադրբեջանական զինուժի ահռելի ծավալներով կուտակմամբ, մյուս կողմից՝ Նախիջևանում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի տեղակայմամբ, որոնք նաև հետևելու են այս օրերին սպասվող այսպես կոչված GPS-ային սահմանազատման գործընթացին: Այս մասին գրել է «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Միայն Գորիսի տարածաշրջանում այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր, ըստ էության անմիջականորեն գտնվելով դեմարկացիայի եզրին, կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել, իսկ փաստացի այդ սահմանազատումից հետո՝ կորցնել հազարավոր հեկտարներով իրենց համայնքներին պատկանող հողատարածքներ:

Նմանատիպ լրջագույն խնդիր է նաև Կապանի օդանավակայանի հետ կապված հարցը, որի թռիչքուղու տարածքն անմիջականորեն հարում է GPS-ային սահմանին, իսկ դա նշանակում է, որ այդ օդանավակայանը երբևիցե չի կարող շահագործվել:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանի հողատարածքի վրա էր գտնվում ադրբեջանաբնակ Աղաքենդ կոչվող բնակավայրը:

Սյունիքի մարզում կան նաև այլ նմանատիպ լրջագույն խնդիրներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ: Ուստի նա անմիջապես պետք է հեռանա :

Սյունիքը պետք է փրկվի:

Հ.Գ. Երբ տեղադրում էի իմ այս գրառումը, տեսա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը՝ «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»:

Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է»:

 --00—ՄՀ