«Մուննաթերենը» դիվանագիտությունից պետք է իսպառ բացառվի. Արամ Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, դրա պատճառներին ու լուծման տարբերակներին:

«Ինչ անել ու ինչ չանել.

Իրավիճակը այնպիսին է, որ ամեն բառ ու միտք կարող է նոր լարման հետևանք դառնալ, հետևաբար պետության պահպանությանը խնամքով վերաբերվելու ձգտումից ելնելով՝ որոշեցի վերադառնալ հոդվածի ժանրին, առավել ևս, որ խնդիրս ոչ թե հակադրվելն է, այլ համախմբելը։

Եվ ուրեմն... Ինչո՞ւ պարտվեցինք:

«Մեր ընտրությունը վատի ու շատ վատի մեջ է, որովհետև աշխարհը մեզ չի ընկալում». այս մտքի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն է, և թե փուլային ու փաթեթային, թե Մեղրիի փոխանակման, թե Մադրիդյան ու Լավրովյան տարբերակով խնդրի լուծումը ազատագրված տարածքների հանձնումով էր: Դա այսօր կատարված փաստ է։ Ռազմական ճանապարհով մեզ պատվաբեր ստատուս քվոն պահելը հնարավոր էր միայն բանակին ավելի մեծ ֆինանսական ռեսուսներ տրամադրելու միջոցով։ Մենք պարտվել ենք, որովհետև 5 անգամ ավելի քիչ ենք ֆինանսավորել մեր բանակը, քան հակառակորդը: Քիչ գումար ենք հատկացրել, որովհետև ավելի փոքր բյուջե ենք ունեցել: Ավելի փոքր բյուջե ենք ունեցել, որովհետև ի տարբերություն հակառակորդի՝ չենք օգտագործել մեր բնական ռեսուսները: Չենք օգտագործել, որովհետև համարել ենք, որ ռիսկեր կան ու գերադասել ենք, որ այդ ռիսկը կիսի միայն սահմանին կանգնած զինվորը ինքնաձիգով, անորակ զրահաբաճկոնով ու մետաղական սաղավարտով... Այս ամենին գումարվել է եղած ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը և մեր ռազմավարական գործընկերոջ ու հակառակորդի մոտեցումների համընկումը: Ի հետևանս՝ ունենք փաստաթուղթ, որը ստորագրած կառավարությունը շատ օրինաչափ պատճառներով այլևս չի կարողանում հետպատերազմյան գործընթացները տնօրինել։

Ինչպե՞ս հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը։ Վարչապետի հրաժարականը հիմա, իմ կարծիքով, ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդիրներ կառաջացնի կառավարման և օրենսդիր համակարգում ու ընդհանրապես ցանկացած նոր վարչապետ ստիպած է լինելու իրականացնել փաստաթղթի ոչ պոպուլար դրույթները, ինչը արդեն ստորագրված է և շատ արագ հեղինակազրկվելու է` չարդարացնելով հանրային սպասումները։ Արդյունքում մենք կորցնելու ենք ևս արժեքավոր մեկին, որի շռայլության իրավունքը, իմ կարծիքով, չունենք։

Հետևաբար գտնում եմ, որ գործող վարչապետը պետք է օր առաջ ներկայացնի ներքաղաքական ճգնաժամի լուծման ժամանակացույցը ու հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնաժամկետը խելամիտ ժամանակահատվածի համար։ Միայն այդ դեպքում է, որ կառավարության նոր անդամների նշանակումը արդյունք կարող է տալ, և այդ մարդիկ կընկալվեն հասարակության համար։

Մինչ արտահերթ ընտրություններն ընկած ժամանակահատվածում առաջացած խնդիրները պարտադիր պետք է քննարկվեն Անվտանգության խորհրդում, որտեղ մշտապես պետք է հրավիրված լինեն ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ստորագրված փաստաթղթի և Արցախի հարցի բանակցային խնդիրները ԱԳՆ-ին զուգահեռ, ԱԽ-ով պետք է լիազորել ՀՀ նախագահին, որ թե կարգավիճակով, թե մասնագիտական ունակությամբ, թե կապերով ունակ է նման խնդրների լուծման։ Ազգային ժողովը պետք է հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի ընտրական օրենսդրության բարեփոխում և ընտրական գործընթացներում ներգրավված անհատների կադրային փոփոխություն։

Ի՞նչ պետք է անի կառավարությունը մինչև ընտրությունները:

Պատերազմի վերսկսվելը բացառված չէ: Հակառակորդը ավելի բարենպաստ դիրքային պայմաններում է, իր բանակն էլ հաղթողի հոգեվիճակում, օրինաչափ է, որ իրենք ցանկացած տեղում փորձելու են ստանալ ավելին և դիմելու են սադրանքների։ Հետևաբար մեր թիվ 1 խնդիրը անվտանգությունն է և ապագա պատերազմին պատրաստ լինելը։ Պետության բյուջեն ու տնտեսությունը պետք է ամբողջությամբ դրվեն ռազմական ռելսերի վրա, պետք է դադարեցվի հաստատված և ոչ ռազմական նշանակության ճանապարհաշինությունը, (այսքան տարի երթևեկել էինք վատ ճանապարհներով էլի կերթևեկեինք, միայն այսպիսի կորուստներ ու պարտություն չունենայինք) և ազատված ամբողջ գումարը ուղղվի հարվածային և հետախուզական անօդաչու ժամանակակից սարքերի գնմանը։ Քանակի և տեսակի ընտրությունը հետախուզության ու ռազմատեխնիկական մասնագետների խնդիրն է։ Իմ բարեկամ և փորձառու գեներալները պնդում են, որ 100 անօդաչու սարքը անգամ լուրջ նշանակություն կարող է ունենել։ Բոլոր տեսակի հավելավճարները, պետության ունեցած ռեզերվային միջոցները և բյուջեով նախատեսված ու չծախսված միջոցները ուղղել ամերիկյան արտադրության անօդաչուների դեմ պայքարող, մեծ էֆեկտիվության ռադիոլոկացիոն սարքերի գնմանը, ինչի համաձայնությունը ամերիկյան կողմը տվել է պատերազմի ժամանակ, որին լավ տեղյակ են թե վարչապետը, թե նախկին ՊՆ նախարարը։ Վերագործարկել Ամուլսարի մետալուրգիական համալիրը, արտոնյալ հարկային պայմաններ տալ գոյություն ունեցող 42 մետալուգիական հանքավայրերի բաժնետերերին, որպեսզի միայն 7-8-ը կիսատ-պռատ չգործվեն։ Ամուլսարից եկած դրամական միջոցները ուղղել 100 000 զինվորի զրահաբաճկոն և ժամանակակից կիվիլային սաղավարտներ գնելուն։ Լեռնամետալուրգիական համալիրի աշխատանքից եկած գումարները ուղղել զինվորականների և պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը։ Միայն այդ կերպ է հնարավոր մեծացնել բանակի թվաքանակը և երկարած սահմանների պահպանությունը ապահովել։ Արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքով կլուծվի նաև զբաղվածության ու դրամի փոխարժեքի պահպանման խնդիրը։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես շատ մեծ դեր է ունեցել մեր ժողովրդի հոգևոր ու աշխարհիկ կյանքում։ Պետք է խնդրել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին օգտագործելով իր հեղինակությունը, կապերը և անգամ եկեղեցու միջոցները և ստանձնել վիրավոր զինվորների արտասահմանում բուժման ու պրոտեզավորման խնդիրների լուծումը։ Վեհափառ հայրապետը իսլամադավան հոգևոր առաջնորդների միջոցով կարող է ազդել նաև մարդասիրական առումով հայ գերիների տունդարձի գործընթացի վրա։

Մենք բոլորս պետք է անցնենք խնայողական ապրելակերպի, որովհետև ունենք Արցախը պահելու, իրենց տները կորցրած մեր եղբայրներին օժանդակելու և վերջապես այսօրվա մեր ունեցածը ջրի գնով չվաճառելու և չկորցնելու խնդիր։ Մեր և պետության խնայողությունները պետք է ուղղել մեր սահմանների երկրորդ, իսկ որոշ տեղերում նաև երրորդ բնագծեր ստեղծելուն, որպեսզի ճակատային մեկ բնագծի փլուզումը չբերի աղետի։ Բանակից հետո ամենակարևոր և էական խնդիրներից է մինչ ընտրություններ ընկած ժամանակահատվածում Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառակության խնդիրը։ Սա այն դեպքն է, որ «Ոստիկանը մերն է» կարգախոսը իրական իմաստ ու բովանդակություն ունի, որովհետև այս փուլում ուժայինների աշխատանքը սահմանը պահող զինվորի աշխատանքին հավասար ծառայություն է, որովհետև թե զինվորը, թե իրենք պահում են ոչ թե որևէ իշխանություն կամ անհատի, այլ կամավորի նման պաշտպանում են սեփական հայրենիքը և պետականությունը՝ առանց ակնկալիքի։ Այս ընթացքն է, որ հետագայում փոխելու է վերաբերմունքը ու ընկալումը պետության հիմնասյուները հանդիսացող ուժային համակարգերի նկատմամբ։ Համոզված եմ, որ իշխանությունը նման ծրագիր դնելու և դրանով առաջնորդվելու դեպքում հնարավորություն կունենա քաղաքական դաշտում գալ որոշակի համաձայնության և անցնցում հասնել արտահերթ ընտրությունների` այդ ընթացքում հնարավորինս ապահովելով մեր անվտանգության խնդիրները։

Սփյուռքի աջակցությունը այս ընթացքում չափազանց կարևոր է և պաշտպանունակության, և գիտության ու կրթության խնդիրներում: Մեզ պետք են և բարձրակարգ մասնագետներ, և կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու ունակ մարդիկ, որպեսզի պատրաստ լինենք 21-րդ դարի մարտահրավերներին: Մենք պարտվեցինք, որովհետև մեր գիտությունը մնացել էր 19-րդ դարավերջի ազգային ազատագրական ընկալումների մակարդակում՝ չիմաստավորելով 20-րդ դարի ամբողջ պատմությունը իր քաղաքական, տնտեսական ու ռազմական հետևանքներով, պատրաստ չլինելով այդ մարտահրավերների պատասխանին:

Այս պատերազմի հետևանքներից մեկն էլ մեզ արտաքին աշխարհից մեկուսացնելու փորձերն են՝ Հայաստանը շրջափակելով տարածաշրջանային թշնամիներով ու իրենց շահերը առաջնային պաշտպանող «բարեկամներով»: Մեր առաջնահերթ խնդիրն է արտաքին քաղաքականության վերանայումը՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող ու չպիտի կղզիանա ու փակվի աշխարհի առաջ: 21-րդ դարի տեխնոլոգիաները և ֆինանսները, ուզենք, թե չուզենք, Արևմուտքում են, «մուննաթերենը» դիվանագիտությունից պետք է իսպառ բացառվի, մեր հարաբերությունների լեզուն աշխարհի հետ միայն ու միայն մեր ազգային շահի պաշտպանությունը պետք է լինի: Մենք պետք է բովանդակային ու գործող դարձնենք մեր հարաբերությունները թե Արևմուտքի, թե Արևելքի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ:

Առաջիկա ամիսները ՀՀ երրորդ հանրապետության ամենածանր փորձությունն են լինելու: Համավարակի խնդրին ավելացել են զոհվածների, գերիների, վիրավորների, փախստականների հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Մենք բոլորս սգի և անկումային տրամադրությունների մեջ ենք ու այդ վիճակից մեզ կարող է հանել միայն համազգային միասնությունը, իրար օգնելու ու ներելու ունակությունը և վերջապես Աստված, երբ մի դուռ փակում է, մյուսը անպայման բացում է: Երբ ընդունենք մեր դեմ փակված դռան մեր և միայն մեր մեղքի բաժինն ու ապաշխարենք, նոր բացված դուռը այնպիսի ընծաներ ու հաղթանակներ կբերի, որը բազմապատիկ ավելին կլինի ու գուցե կմխիթարի կորուստը։ Հարգանք և խոնարհում մեր հերոս նահատակներին, հարգանք և պատիվ հայոց բանակին, զինվորին և կամավորին։ Փառք մեր Արարիչ Տիրոջը։ Տեր, պահիր ու զորացրու Հայաստանի Հանրապետությունը և Արցախը»,- գրել է նա։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս