Ջո Բայդընը շարունակում է բարձր պաշտոններում ընտրել կանանց ու ոչ սպիտակամորթ ամերիկացիներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

Բայդեն

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընը եւ փոխնախագահի պաշտոնում նրա ընտրած Քամալա Հարիսը ներկա պահին գտնվում են տնտեսական հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակելու փուլում: Նրանք արդեն հայտարարել են, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջանեթ Ելենն ԱՄՆ-ի 231-ամյա պատմության մեջ կդառնա երկրի ֆինանսների առաջին կին նախարարը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Նիիրա Թանդենին, որը ներկա պահին Ամերիկյան առաջընթաց վերլուծական կենտրոնի աշխատակից է, նշանակում է կառավարության կառավարման եւ բյուջետային հարցերով բաժնի տնօրեն: Սենատի կողմից հաստատման դեպքում նա այս պաշտոնում նույնպես կդառնա առաջին կին ղեկավարը:

Սեսիլիա Ռոուսը, որը մինչ այժմ եղել է Փրինսթոնի համալսարանի տնտեսական հարցերով պրոֆեսոր, կդառնա Սպիտակ տան Տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ:

Ինչպես Բայդընն է ասել, կորոնավիրուսի դեմ պայքարի այս ընթացքում սա լինելու է այն թիմը, որը զբաղվելու է տնտեսական վերականգնման աշխատանքներով եւ որը պիտի կառուցի տնտեսություն, ինչիպիսին չի եղել նախկինում:

Իսկ համաճարակը ԱՄՆ-ին հասցրել է անասելի տնտեսական վնաս: Այստեղ ավելի քան 22 միլիոն մարդ է կորցրել աշխատանքը, իսկ ործազրկության նպաստներ ստանալու դիմումներն այս պահին էլ շարունակում են աճել:

Բայդընի նոր նշանակումները շեշտում են այն փաստը, որ նա մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդագրական լայն ուղեծրի վրա, ինչպես ինքն է ասում, «ցույց տալու համար Ամերիկայի իրական դեմքը»: Խոսքն այն մասին է, որ նշանակումների մի մեծ մասը կանայք են ու ոչ սպիտակամորթ անձինք: Իսկ սա մի հանգամանք է, որը մեծապես տարբերվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կազմից, որտեղ հիմնական մասը սպիտակամորթ ամերիկացիներն են ու տղամարդիկ:

  --00—ՄՀ