Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հասարակական

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում: Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում այդ աշխատաքները դեռ չեն իրականացվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին: Աշխատանքները դեկտեմեբերի 1-ին շարունակվել են Հադրութի շրջանում, փրկարարները Հադրութ քաղաք դեռ չեն մտել: 19 դի այդ շրջանում հայտնաբերվել է: Որոնողական աշխատանքները Հադրութի մերձակա տարածքում այս պահին շարունակվում են»,- ասաց Թադևոսյանը:

ԱԻՊԾ ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներ փրկարարները դեռ չեն հասել, բայց վերջին երկու-երեք օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններում:

«Մենք ունենք որոնողական աշխատաքներ իրականացնելու ներուժը, խնդիրը բանակցող կողմինն է. ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, բայց հիմա արդեն թույլտվություն կա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններն ընթանում, իսկ մենք կատարում ենք»,- ասաց Թադևոսյանը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հակամարտության կողմերն են որոշում որտեղ և երբ իրականացնել որոնողական աշխատանքները, իսկ ԿԽՄԿ-ն միջնորդ և աջակից կողմ է այդ հարցում:

«Այո, ԿԽՄԿ-ն աջակցող դեր ունի, սակայն չենք կարող բացատրել կամ մեկնաբանել, թե ինչու են կողմերը այս կամ այն որոշումը կայացրել: Աշխատանքները ընթանում են, և ամեն օր այդ որոնումները տեղի են ունենում, որոնումները չեն դադարեցվել»,- նշեց Ամատունին:

--0--ԿԿ