Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ. Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեսբուքի էջում գրել է.

«Սա Նիկոլի հարցը չի, սա հայրենիքի փրկության հարցն է։

Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին: Ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ շատ անգամ է նման դեպքեր եղել, երբ սեղանին դրվել է Հայրենիքի փրկության հարց: Եվ յուրաքանչյուր անգամ գտնվել է լուծումը, հայ ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնի ու վերականգնի իր պատիվը, արժանապատվությունը, ապրելու կամքը, պետություն ունենալու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու իրավունքը:

Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:

Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:

Նիկոլը չի խաբել միայն նրանց, ովքեր չեն հավատացել, ովքեր միշտ քննադատել են նրա ապաշնորհ, վտանգավոր ու աղետաբեր քաղաքականությունը: Նիկոլը չի խաբել նրանց, ովքեր անտարբեր էին նրա նկատմամբ ու չէին ոգեշնչվում նրա ստերով ու ատելության քարոզով:

Նիկոլը գրեթե ամենօրյա ռեժիմով խաբել, հուսախաբ է արել, ու վերջում դավադրաբար հայրենազրկել է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն: Այդ մարդկանց մեջ կան մտավորականներ, պետական ծառայողներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:
Մենք մարգարե չենք, բայց քաղաքական փորձ ու գիտելիք ունենք, և բազմաթիվ անգամներ հրապարակային զգուշացրել ենք այս և այլ հնարավոր աղետների մասին: Մենք նույնիսկ պատրաստակամ ենք եղել աջակցել, նեցուկ լինել նիկոլական դիլետաններին՝ ի շահ պետության: Սակայն միշտ մնացել ենք չլսված: Այդ թվում նաև այդ նույն խաբված մարդիկ մեզ համարել են “նախկին” ու զարմացել, որ դեռ գոյություն ունենք ու խոսում ենք: Հիմա կարծում եմ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական կյանքը դաժանաբար ցույց տվեց, թե ի՞նչ է լինում այն ժողովուրդների հետ, ովքեր չեն կարողանում ձևավորել նորմալ, գիտակից իշխանություն:

Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ, մինչև վերջնական ու անվերադարձ ձախողումը: Ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Հրաժարականը պահանջվել է նաև մինչև պատերազմը, մինչև համավարակը:

Այսօր ժամանակն է, որպեսզի Նիկոլի հրաժարականը պահանջեն առաջին հերթին հենց այն մարդիկ, ովքեր դավադրաբար խաբվել են, ովքեր այսօր ընկճված ու կոտրված են, ովքեր այսօր ներքին ամոթի ու վտանգի զգացողություն ունեն: Այս գործընթացը սկսված է, և պետք է հասկանալ, ընդունել բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում և հրապարակային խոսում են այդ մասին: Պետք է հարգանքով վերաբերվել այդ խոսքին, մարդը կարող է սխալվել, բայց նույնիսկ մեծ կորուստների, զրկանքների գնով գիտակցված սխալի ուղղումն Աստծո համար ընդունելի է: Սխալը և դրա չգիտակցումը չեն ներվում ո՛չ Աստծո, ո՛չ էլ պատմության կողմից:

Նորից եմ կրկնում, սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է»,-գրել է նա։ 

--00—ԼՄ