ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: 

Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը: 

Մասնավորապես նախատեսվում է՝  ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:

--0--ԿԿ