Արցախի նախագահը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԱՀ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ:

Նախագահ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

--00--ԱԹ