Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին նոյեմբերի 27-ին:

Նախ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի իր տնից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 54-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց 17 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, տղամարդը ձերբակալվեց, նշանակվեցին փորձաքննություններ:

Մնում էր պարզել թմրանյութի ձեռքբերման աղբյուրը: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել դեռևս հոկտեմբերին` Գեղակերտ գյուղում բնակվող 61-ամյա մի տղամարդուց:

Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նոյեմբերի 28-ի առավոտյան Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին նրա տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվեցին փաթեթներ՝ ընդհանուր մոտ 128 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով: 61-ամյա տղամարդը ևս ձերբակալվեց։

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ