Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադայում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը:

«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:  

Նևադայի Գերագույն դատարանը նոյեմբերի 24-ին հաստատել է ընտրությունների նահանգային արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենը հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:

--00--ԱՀ