Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News  

կբ

  

ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե' ներկայում, և թե' դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին ԿԲ-ն հայտնել է՝ «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով երկրում վերջին շրջանում նկատվող դրամի փոխարժեքի արժեզրկմանը:  

«Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր ևս չկան։ Միևնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,-հայտնում են ԿԲ-ից: 

Գլխավոր դրամատնից նկատել են, որ սրան զուգահեռ, բնականաբար, ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունը։ Փոխարժեքի զարգացումները, ի թիվս այլ բազում գործոնների, մշտադիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից դրանց՝ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից։ ԿԲ-ից հիշեցրել են, որ վերջին տարիներին բանկի վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք գնաճի ցածր և խարսխված մակարդակ (օրինակ՝ հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%): 

«Այս պայմաններում, թե' ներկայումս, և թե' դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն։ Ավելին, ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի և նման ռիսկերի դրսևորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-վստահեցնում են ԿԲ-ից:

Գլխավոր դրամատնից, սակայն, նկատել են, որ տարբեր գործոնների ազդեցության ներքո, ներառյալ առանձին էներգակիրների և այլ միջազգային գների փոփոխությունները, հնարավոր են առանձին ապրանքատեսակների գների փոփոխություններ: ԿԲ-ից շեշտել են, որ պարտադիր չէ, որ դա ռիսկեր առաջացնի երկրում ընդհանուր գների կայունության տեսանկյունից։ 

«Պետք է արձանագրել նաև, որ ինչպես ցույց է տվել տարիների փորձը տարբեր տնտեսաքաղաքական զարգացումների պայմաններում արձանագրվել են տատանումներ (այդ թվում` փոխարժեքի), սակայն ԿԲ հետևողական գործողությունների արդյունքում մշտապես ապահովվել է գների կառավարելի ու ցածր մակարդակ և գործուն ու կայուն ֆինանսական համակարգ»,-եզրափակել են Կենտրոնական բանկից:

 --00—ՄՀ