Հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը. Այվազյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News  

Այվազյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ:

- Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ են ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից: Առկա է կարծիք, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշ դրույթներ ավելի հայանպաստ դարձնել: Որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը:

- Հստակ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ:

Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ:

Այս համատեքստում մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, այլև այդ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ արմագրված է հստակ մոտեցում, որ հայ ժողովուրդը դիմակայել է այս դաշինքի (Ադրբեջան, Թուրքիա և միջազգային ահաբեկիչներ- խմբ.) կողմից սանձազերծված ագրեսիային: Այնուամենայնիվ ԱԳՆ-ն ՀՀ պատկան մյուս մարմինների հետ միասին և միջազգային գործընկերների ներգրավմամբ ու մասնակցությամբ դեռ շատ աշխատանք ունի անելու:

Արցախն իրականություն է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, և միջազգային կառույցների ներկայության և անմիջական ներգրավածության հապաղումն անընդունելի է: Մեր սկզբունքային մոտեցումն է, որ արցախահայության սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ արագ ապահովելու վերադարձը բնականոն կյանքին:

- Դուք, որպես դիվանագիտության առաջնահերթություն նշեցիք այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող հարցը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը: Հասարակությունը բարձրաձայնում է իր բողոքն այս առնչությամբ՝ պնդելով, որ այս հարցում պետական կառույցները մատնված են անգործության: Մինչ օրս այս հարցով հայ դիվանագիտության կողմից որևէ հրապարակային հայտարարություն չի եղել: 

- Այո, իրավացի եք, այս հարցով մենք սակավախոս ենք եղել, սակայն ոչ մի դեպքում սակավագործ: Ինչպես գիտեք, գործում է ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով: Այդ հանձնաժողովում ընդգրկված է նաև արտաքին գերատեսչությունը՝ ունենալով լիազորությունների հստակ շրջանակ, որոնք վերջին օրերին մեր իսկ նախաձեռնությամբ ընդլայնվել են՝ անմիջականորեն ներգրավվելով ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներում:

Այս առնչությամբ, հաշվի առնելով հարցի նրբությունը և մարդկանց կյանքի հետ անմիջական առնչությունը, պետք է հայցեմ ձեր և ձեր ընթերցողների ըմբռնումը, որ ավելի շատ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քան այն, որ հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է: Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը և ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում:

--00--ԱԹ