Փաշինյանը մեղավոր է, բա դու՞ք, պարոնա՛յք զինվորականներ․ ո՞նց զինվորին հարվածի տակ դրեցիք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Չեմ պնդի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է պատերազմը հրահրել, սակայն այն սկսվել և ավարտվել է, երբ Հայաստանի քաղաքական իշխանությունը նրա ղեկավարած ուժն էր։ Պատերազմի տաք փուլի պատասխանատվությունն ընկնում է վարչապետի և նրա ղեկավարած թիմի վրա։ Սա անժխտելի է։ Սակայն պետք է արձանագրել, որ այս տաք փուլը սառի ավարտն էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը։

Արսենյանը ընդգծել է՝ բանակի ձախողման պատասխանատուն հենց բանակն է, սպայակույտը, այլ ոչ թե քաղաքական ղեկավարը։ 
«Զինվորականները պետք է պատասխան տան, նրանք վատ են իրականացրել իրենց պրոֆեսոնալ գործողությունները։

Մի քանի հազար զինվորների մահվան պատճառը հանդիսացել են բեկորային վնասվածքները։ Դա խոսում է այն մասին, որ հրազենային մահ չի եղել։ Իսկ որ զինվորները մահանում են բեկորային վնասվածքներից, դրա համար մեկ  պատասխանատուն այն մարդիկ են, ովքեր պլանավորում էին այս պատերազմի որակն ու  ընթացքը՝ մեր Գլխավոր  շտաբում նստած սպայակույտը, ովքեր մեր զինվորներին՝ որպես թնդանոթի միս դրեցին հակառակորդի հրետանային ու օդային հարվածի տակ։ էդ մարդիկ ասելու բան չունե՞ն։ Փաշինյանը մեղավոր է, բայց նա պրոֆեսոնալ զինվորական չէ։ Էդ սպաները, ովքեր զինվորական կոչման բարձրացում ստացան պարտված պատերազմում, հանգի՞ստ են քնում իրենց տանը։ 

Տոնոյան Դավիթը, որը հրաժարական է տվել, հանգի՞ստ է քնում իր տանը, չէ՞ որ իր համար  թիվ մեկ գործունեությունը պետք լիներ զոհվածների մարմինների փնտրտուքն ու գերիների վերադարձը։ Էհ, շատ էլ, որ հրաժարական է տվել, անփառունակ թողել, գնացել է։ Ըտենց չի լինում։ Էդ մարդիկ պետք է պատասխան տան»,- ասել  է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ