Վազգեն Մանուկյանը պատրաստ է պաշտոնավարել մեկ տարի. Ավետիք Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը վերջապես ներկայացրեց Ազգային համաձայնության կառավարության իր վարչապետի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ես թեև արդեն երեք շաբաթ է կասեցրել եմ իմ քաղաքական գործունեությունը և չեմ մասնակցում ընդդիմության աշխատանքներին, ցանկանում եմ ողջունել այս առաջադրումը, մի քանի նկատառումներով՝

ա) ընդդիմությունը ոչ թե պետք է պարզապես պայքարի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության, այլ հասարակությանը ապագա Հայաստանի վստահելի տեսլական ներկայացնի, որում չեն կրկնվելու անցյալի բոլոր այն սխալները, որոնք ի վերջո հանգեցրին այսօրվա աղետալի վիճակին,

բ) Ազգային համաձայնության կառավարության ղեկավարը պետք է լինի փորձառու գործիչ, որը հարգանք է վայելում թե երկրի ներսում, և թե մեր արտաքին գործընկերների մոտ, և որն իր գործունեությամբ կարող է նվազագույնի հասցնել այն աշխարհաքաղաքական կորուստները, որոնք ցավալիորեն անխուսափելի են դարձել պատերազմում կրած պարտության արդյունքում,

գ) թեև Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալում կան ցավալի սխալներ և բացթողումներ, սակայն Հայաստանում չկա և որևէ մեկ անսխալական քաղաքական գործիչ, և ի տարբերություն շատ ուրիշների, Վազգեն Մանուկյանի դեպքում չկա ընդգծված միտում՝ ստորադասելու երկրի շահը նեղ անձնական շահերին, այն, ինչ ցավալիորեն հատուկ է բազմաթիվ այլ գործիչների, 

դ) ի տարբերություն այլ գործիչների՝ Վազգեն Մանուկյանը պատրաստ է պաշտոնավարել մեկ տարի, և հեռանալ քաղաքականությունից նոր ընտրություններից հետո՝ սա կարևորագույն գործոն է, որը երաշխավորում է խաղի արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի, և հասարակության համար, նրանից հետո, երն երկիրը դուրս կգա այսօրվա ճգնաժամից։

Դրանով հանդերձ, Վազգեն Մանուկյանը դեռ դժվարին ճանապարհ ունի անցնելու՝ համախմբելու քաղաքական դաշտը իր թեկնածության շուրջ։ Նախ, նա պետք է ներկայացնի հանրությանը սեփական հակաճգնաժամային տեսլականը, և այն պետք է լինի իրատեսական և համոզիչ, և հասարակությունը պետք է դրա մեջ տեսնի իրեն տանջող հարցերի լուծումները։ 
Երկրորդը, նա պետք է ներկայացնի Ազգային համաձայնության կառավարության ապագա կազմը, և այն պետք է լինի մաքսիմալ պրոֆեսիոնալ, բաղկացած համապատասխան ոլորտների հեղինակավոր մասնագետներից, և նվազագույնս կուսակցականացված՝ սա կարևոր երաշխիք է, որ նոր Կառավարությունը թևերը քշտած կաշխատի, ոչ թե կզբաղվի ներքին վեճերով։

Եվ թերևս երրորդը և ամենակարևորը՝ նա պետք է կարողանա անմիջական հաղորդակցության մեջ մտնել և ստանալ «Իմ քայլ»-ի պատգամավորների վստահությունը առ այն, որ նրան ընտրելուց հետո, չի կրկնվելու, հիմա արդեն հակառակ նշանով, այն քաղաքական վենդետտան, որը 2018 թ․ կարճամտորեն ծավալեց Նիկոլ Փաշինյանը, և որն արդյունքում բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Ավելին, «Իմ քայլի» ներկայացուցիչները պետք է համոզված լինեն, որ մեկ տարի անց, նրանց ևս կարող են մասնակցել նոր ընտրություններին, և ստանալ իրենց համակիրների հավաքական քվեն, ինչպես և մնացած քաղաքական ուժերը, ուստի նրանց նկատմամբ բոլոր սպառնալիքները պետք է դադարեն, և նրանք ևս պետք է ներառվեն ապագա քաղաքական պրոցեսների մեջ։

Այսքանով ես ցանկանում եմ հաջողություն ցանկանալ պարոն Մանուկյանին։ Սա այն դեպքն է, երբ խաղադրույքները երկրի համար հսկայական են, և լուծվում է ոչ թե անձի խնդիր, այլ խորքային ծանր ճգնաճամի հաղթահարման, ուստի նրա հաջողությունից շատ բան է կախված յուրաքանչյուրիս համար։ Հուսով եմ, որ քաղաքական պրոցեսների արդյունքում, սահմանադրական մեխանիզմով ի վերջո նոր, Ազգային համաձայնության կառավարություն կձևավորվի, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրում առկա ծանր ճգնաժամի հաղթահարմանը»։

--00—ԼՄ