Անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Դիմելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նշել է.

«Հանդիպման օրակարգի վերաբերյալ կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա․ հայկական կողմն առաջնահերթություն է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծի լիարժեք իրականացումը:

Այս փաստաթուղթը նպատակաուղղված է անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցմանը, տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնմանը, Միության կարգավորող ոլորտի և ինստիտուտների բարելավմանը:

Այդ փաստաթղթում նշված առանց խոչընդոտների, թերությունների և սահմանափակումների ընդհանուր շուկաների ձևավորման մեխանիզմները կարևոր գործոն են հանդիսանում չորս ազատությունների գործնական հաստատման և մեր երկրների ազգային տնտեսությունների համագործակցության ու մրցունակության մակարդակի բարձրացման համար: Փաստաթղթի իրագործումը կծառայի աշխարհում Միության հեղինակության ամրապնդմանը և, անկասկած, կնպաստի նրա ներդրումային և նորարարական գրավչության աճին:

Միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մեզ համար մնում է կարևոր սկզբունքային հարց: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ:

Այս առումով, մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:

Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ:

Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումն է: Այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարևոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել և կնքել միջազգային համաձայնագիր շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:

Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Եզրափակելով ելույթս՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի՝ ակտիվ համագործակցության պատրաստակամությունն ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, և կոչ անել աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու մեր նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների:

Հաշվի առնելով, որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ համագործակցության համար և մաղթել ամենայն բարիք: Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը»:

--00--ԱԹ