«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմել է ուժային և պետական մարմիններին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News     

ՀՀ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո ընկած ժամանակամիջոցում երկրում լարվող ներքաղաքական զարգացումները շարունակում են շատ կանխատեսելի դերակատարների միջոցով նույնքան կանխատեսելի ընթացքով շարժվել։ Հնչում են կոչեր և հայտարարություններ, որոնք ոչ միայն հակապետական, հակաօրինական և հակասահմանադրական են, այլև հակասում են ՀՀ պետական շահի, ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման գերակայություններին։

Այդ գործընթացները բացի պետականության համար կործանարար լինելուց, ունեն քաղցկեղածին բնույթ և կարող են անդառնալիորեն քայքայել պետական կառավարման համակարգը, ինչը հղի է աղետալի հետևանքներով։

Որքան էլ տարօրինակ է, այդ կոչերը հնչեցնող քաղաքական գործիչները, որոնցից շատերը ոչ վաղ, մյուսները վաղ անցյալում զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, շատ լավ են պատկերացնում իրենց հայտարարությունների հետևանքը պետականության քայքայման և ի վերջո կործանման համար, բայց դրված նպատակին հասնելու համար ոչնչի առջև չկանգնելու գործելաոճը նորություն չէ և մշտապես ուղեկցել է նրանց։ Պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց զուգահեռ «նոր իշխանական մարմինների» ձևավորման և «հրապարակում պաշտոնատար անձանց նշանակման» հանցավոր կոչերը պետք է դադարեցնել րոպե առաջ։ ՀՀ պետական կառավարման համակարգը ձևավորվել է համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների։ Սա նշանակում է, որ այն միակ լեգիտիմությամբ օժտված հիերարխիկ համակարգն է, որը տիրապետում է սահմանադրական տրամաբանությունից բխող կարգավորման լծակների։ Այդ համակարգի ամեն մի օղակ կատարում է սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորություններին համապատասխան գործառույթներ, որոնք կազմակերպում է առաջնային մանդատ ունեցող քաղաքական ուժի կողմից ընտրված պետական պաշտոնյան։ Այլ մեխանիզմների կիրառման արդյունքում «հայտարարված» պաշտոնյաների առաջքաշումն ու նրանց միջոցով պետական կառավարման համակարգի գործառույթների իրականացման փորձերը պարունակում են հակասահմանադրական, հեղաշրջման տարրեր և կործանարար են ոչ միայն նախաձեռնող քաղաքական ուժի, այլև հայոց պետականության համար ընդհանրապես։ Երկիշխանության ցանկացած դրսևորում, անկախ կողմերի հարաբերակցության մակարդակից, միանշանակորեն հասնգեցնելու է ինքնիշխանության և պետականության կորուստի։

Այսու, Հայաստանի ուժային կառույցներին, պետական կառավարման համակարգի պատասխանատուներին՝ մեր պետության նորագույն պատմության օրհասական պահին դրսևորել զգոնություն, բարձր գիտակցություն, անվերապահորեն կատարել սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լիազորությունները, դրանց շրջանակներում կանխել առկա և հնարավոր բոլոր հակաօրինական և հակապետական գործողությունները՝ շարունակելով անվերապահորեն սպասարկել հանրային, պետական և միայն ու միայն պետական շահը»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս