Հունաստանը Թուրքիայի վերաբերյալ պայման է դրել Եվրամիության առաջ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

հույն

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

Պաշտոնական Աթենքը ԵՄ-ին բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, քանի որ վերջինս Արևելյան Միջերկրականում ապօրինի աշխատանքներ է իրականացնում։ 

Հունաստանը որոշել է, որ որևէ համատեղ հայտարարություն չի ընդունի, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։   

Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթը, անդրադառնալով այդ թեմային, գրել է, որ Հունաստանը ԵՄ-ի վերջին գագաթնաժողովին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար հաջողության չհասավ, սակայն հիմա Ֆրանսիայի և Կիպրոսի Հանրապետության աջակցությամբ ԵՄ-ի անդամ երկրներին «շանտաժի է ենթարկում»։ 

Թերթը նաև նշում է, որ ԵՄ անդամ այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, չեն ողջունում Հունաստանի պատժամիջոցների վերաբերյալ կոչերը՝ հավելելով, որ մինչև օրս այդ կոչերը մերժել են ԵՄ անդամ երկրներից Իսպանիան, Հունգարիան, Մալթան և Գերմանիան։ 

Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: ԵՄ գագաթնաժողովից առաջ թուրքական «Oruç Reis» երկրաբանական-հետախուզական նավը ժամանակավորապես դուրս բերվեց նավահանգստից՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների համար:

  --00—ՄՀ