Բագրատաշենի անցակետն անցել է բնականոն աշխատանքի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

անցակետ

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։  

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային  սպասարկում. «Աշխատանքային բնականոն ռեժիմի անցած մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»: Գեղամ Վանունին վստահեցնում է, որ մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ և սահմանը հատողները կարողանան կարճ ժամանակում իրականացնել մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում,  Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը:

Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

  --00—ՄՀ