Հորդորում ենք իրավապահ համակարգին զերծ մնալ ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

․

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ, ասված է Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

«Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ,
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ։

Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:

ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու», - ասված է Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի հաղորդագրությունում:

--00--ԱՀ