«Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News 

Կութ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների։

«Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ից 05։30-ի սահմաններում, քնած էի, մայրիկս ձայն տվեց, ասաց «հլը արի, մարդ են երևում», պատուհանից նայել եմ, հինգ հոգի հենց մեր տան հետևը, մեր տունը հենց բլուրի տակն է, բլուրի վրայով բարձրացան, գնացին դեպի Քարվաճառի կողմ, հիմա կոնկրետ մեր տնից մոտ 5-ից 6 կիլոմետր է հեռավորությունը թուրքերի», - Aysor.am-ին ասել է Կութ գյուղի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Նա ասել է, թե գյուղն անտերության է մատնված, խնդրել են հարցը հասցնել վարչապետին։

«Քնում ենք ահն ու վախը սրտներումս, չգիտենք ամեն րոպե ինչ կարող է լինել, հիմա ասել ենք, գոնե, մեզ զենք տրամադրեն, մենք մեր գյուղացիներով մեր գյուղը կարողանանք պահենք», - ասել է վերջինս։

Նա նշել է, թե տեղյակ չէ՝ Սոթքի հանքի՞ց են «թուրքերն եկել, ֆռացել, գնացել», թե՞ Քարվաճառից։

«Մեր տնից ընդամենը 150-200 մետրի վրա իրենց գերեզմաններն է, նույնիսկ, եկել են իրենց գերեզմանները, հետ են գնացել, թուրքի գնդապետն եկել է գերեզման, նորից հետ է գնացել, չգիտեմ ոնց է եկել-հասել իր հորն ու մոր գերեզմանին», - մանրամասնել է կայքի զրուցակիցը։

Նա ասել է, թե հինգ հոգանոց խմբին տեսել է պատուհանից, դուռը բացել է, առանց լույսը միացնելու, հետևել է, թե ոնց են կողքերը նայելով բարձրացել, սարն անցել ու գնացել դեպի Քարվաճառի կողմ։

«Հիմա չգիտեմ՝ գնացին Քարվաճա՞ռ, թե՞ Սոթքի ոսկու հանք», - ասել է Կութի բնակիչը։

Նա նշել է, որ դիմել են գյուղապետարանի աշխատակիցներին, որպեսզի տեղեկությունը հասնի վարչապետին։

«Այնպես չէ, էլի, որ մենակ այսօր է դեպքը տեղի ունեցել, հինգ օր է, նույն վիճակն է», - նշել է նա։

--00--ԱԹ