Ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Փաշինյան

ՀՀ կառավարության առջև դրված հաջորդ կարևոր խնդիրը, գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների վերադարձից զատ, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս մասին այսօր քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս գործընթացը դանդաղ, բայց տեղի է ունենում:

«Ինձ համար ծանր է այս թեման ներկայացնել այսպիսի մանրամասներով, բայց ես գիտեմ, որ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքից մարմինների դուրսբերում, մյուս կողմից՝ մեր նահատակների՝ Հայաստանում գտնվող անճանաչելի մարմինների ճանաչում է իրականացվում: Ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում, ցավոք, մեծ հավանականությամբ դրանք մեր` անհետ կորած համարվող եղբայրների մարմիններն են»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց` տեղի է ունենում դիակների ճանաչման գործընթաց. ԴՆԹ նմուշ է վերցվում մարմիններից, համեմատվում է հարազատներից վերցված նմուշի հետ: Այս գործընթացն, ըստ Փաշինյանի, ժամանակատար է, նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել և հարազատներին է հանձնվել 135 մարմին, և այս գործընթացը կշարունակվի:

«Կա ևս մի խումբ, որոնց մասին չէի ցանկանա բարձրաձայնել, նրանց հետ կապված ևս աշխատանք է կատարվում, բայց այդ մասին չեմ ուզում խոսել այս պահին»,- նշեց նա:

Փաշինյանը նաև անդրադարձավ սգո օր հայտարարելու անհրաժեշտությանը: Նա նշեց՝ սգո օր հայտարարելն ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների՝ առնվազն մեկ մասի ճանաչումից հետո:

--00--ԱԹ