Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված ելույթում անդրադարձավ իր կառավարությանը հասցեգրված մի շարք մեղադրանքների:

«Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափող էիք, 2016 թվականին խուսափեիք պատերազմից: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա:

Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց։ Որովհետեւ մեզ ասվում էր. քանի որ նախկինում Հայաստանը արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով:

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով: Նկատի ունեմ՝ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եւ, ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը: Ու ասել եմ ինչ գնով: Բա էն ժամանակ ինչո՞ւ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը:

Հիմա, ի դեպ, պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է:

Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին եւ այլն: Եւ ես ապշած եմ ուղղակի ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ:

Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել»,- ասաց նա:

--00--ԱԹ