Դավիթ Բեկի նկատմամբ հարձակումը հավասարեցված է ՌԴ ցանկացած քաղաքի նկատմամբ հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հասարակական

Սիրելի՛ հայրենակիցներ, մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միեւնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.

- 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որեւէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետեւանքներով։

- 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի եւ Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։

- 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։

- 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքվել է «ՀՀ եւ ՌԴ միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։

- 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն եւս գործում է։

- 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։

Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի  եւ այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միեւնույն ռազմաքաղաքական հետեւանքները։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու սա նաեւ կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ»:

--0--ԿԿ