ԼՂ խնդրի լուծման հարցում կա զգուշավոր լավատեսություն․ չպետք է ողբերգությունը կրկնվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԼՂ հարցով համընդգրկուն բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ իրավիճակը հակամարտության գոտում կայունանա: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին՝ առաջիկայում սպասվո՞ւմ են արդյոք ԼՂ հարցով առավել ընդգրկուն բանակցություններ:

Նա նշեց, որ այս առումով կիսում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսակետը, որ ԼՂ խնդրի լուծման հարցում կա զգուշավոր լավատեսություն:

«Պետք է անենք ամեն ինչ, որ չկրկնվի տեղի ունեցած ողբերգությունը: Մենք նաև կարևորում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը: Առաջիկայում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան և կոնսուլտացիաների մեկնարկ»,- նշեց նա:

ԼՂ խնդրի կայուն և երկարաժամկետ կարգավորման բաղադրիչն, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, այս տարածաշրջանում նորմալ կենսապայմանների ապահովումն է: ԼՂ-ում նորմալ կյանքի ապահովումն, ըստ Լավրովի, ներառում է նաև հայ, ադրբեջանցի և այլ ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունը:

--0--ԿԿ