Իշխանությունը գիտակցում է, որ արտահերթ ընտրություններ են լինելու. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

իմ քայլը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկելու է «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Նկատենք՝ այն հրապարկվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը։ Այս գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, սակայն մինչ դրանք ներկայացնելը խոսենք էական փոփոխությունների մասին:

Այսպես, նախագծով առաջարկվում է բիզնեսին արգելել ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցնել՝ 10 միլիոնի փոխարեն դարձնելով 2.5 միլիոն, վերանայել նաեւ կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։

Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն ըստ իրենց ստացած մանդատների քանակի եւ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով կֆինանսավորվեն ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանա ֆինանսական առավելություն։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անմիջապես այս նախագիծը քննարկելուց եւ ընդունելուց հետո իշխանությունները նպատակ ունեն փոփոխություններ կատարել նաեւ Ընտրական օրենսգրքում:

Բանն այն է, որ նաեւ իշխանությունն է, այսպես ասած, գիտակցում, որ առաջիկա շրջանում արտահերթ ընտրություններ ամեն դեպքում լինելու են, եւ հենց այդ պատճառով էլ վերջիններս ցանկանում են արտահերթ ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով եւ փոփոխություններով, որոնք կարող են օգտակար լինել նաեւ իրենց համար: Հենց այս նպատակով էլ իշխանություններն արագացնում են գործընթացները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս