Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունիսին Արտաշես Նիկոյանն ազատվել է փոխմարզպետի պաշտոնից, իսկ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է փոխմարզպետ։ Վերջինս էլ Նիկոյանի փեսան է: Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ․ գրում է hetq.am-ը։

Պաշտպանության նախարարությունը կայքի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: 

«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:

Նարեկ Գրիգորյանը, սակայն, մերժել է պատասխանել իրեն ուղղված հարցմանը՝վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները:

«Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- գրել է Գրիգորյանը:

Փոխմարզպետին տվել էինք հետևյալ հարցերը.

Մենք ունենք տեղեկություններ, որ Դուք զինծառայությունից ազատվել եք ինքնավնասման միջոցով:

Խնդրում ենք կցել Ձեր զինգրքույկի պատճենի այն էջը, որում արտացոլված է, թե որ հոդվածի հատկանիշներով եք ազատվել զինծառայությունից:

Հայտնեք նաև, թե կից ուղարկված լուսանկարում Ձեր թևի սպիներն ինչի՞ հետևանքով են առաջացել:

Այդ հիվանդության դրսևորումներն արդյոք չե՞ն խանգարում Ձեզ հանրային պաշտոն զբաղեցնել:

Աներոջ և զոքանչի քրեական գործը

Ոստիկանությունն այս տարվա օգոստոսի 2-ին հաղորդագրություն տարածեց, որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանը աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

--0--ԿԿ