Մարտունեցի տղամարդը գերեվարվել է ու սպանվել. հարազատներին դին են վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Կարմիր խաչի անմիջական միջնորդությամբ մի քանի օր առաջ հայկական կողմին է վերադարձվել Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանի դին: 24News-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետարանից հայտնեցին՝ տղամարդը մոլորվել է անտառում, չի կարողացել կողմնորոշվել տեղանքում ու հայտնվել է ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում: 

«Դեպքը 3-4 օր առաջ է եղել: Անձրև ու մառախուղ էր, երևի դա է պատճառը եղել, որ մոլորվել է: Թե ինչ պայմաններում է մահացել կամ սպանվել, չենք կարող ասել, մանրամասներին ծանոթ չենք: Հարազատներին դին են փոխանցել, մի քանի օր առաջ հուղարկավորել են»,- նշեց քաղաքապետարանի աշխատակիցը:

24News-ի հարցին, թե այժմ ի՞նչ վիճակ է Մարտունի քաղաքում, կյանքը բնականոն հո՞ւն է մտել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Կյանքը, ոչ, դեռ բնականոն հունի մեջ չէ, էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան: Կարող եմ ասել, որ մարդիկ վերադառնում են իրենց տները, վերանորոգում, վերականգնում են ավերածությունները: Մեկը դուռ ու պատուհանն է նորագում, մյուսը պատ շարում, այդպես էլի»:

Ըստ նրա՝ Մարտունի է վերադարձել տեղահանվածների մոտ 40 տոկոսը, իսկ համայնքը, որը պատերազմի հետևանքով ամենաշատ տուժածներից է, կամաց-կամաց սկսում է շնչել:

--0--ԿԿ