Պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

Օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը զեկուցել է պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին առնչվող հարցերի մասին:

Ա.Բաղրամյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկայում նախատեսվող զորահավաքային զորակոչի եւ այդ ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան կցագրումների կազմակերպմանը:

Համայնքների կողմից զորահավաքային զորակոչի զորակոչվող քաղաքացիներին կցագրելու եւ այս գործընթացում խնդիրները բացառելու նպատակով Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համապատասխան չափորոշիչների ու մեխանիզմների հստակ կիրառման անհրաժեշտության մասին.

«Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ սա մեր երկրի պետական սահմանները պահելու եւ ամրացնելու պետական միջոցառում է՝ խիստ անհրաժեշտությամբ հիմնավորված եւ պետք է անել առավելագույնը այդ միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Մ. Մեսրոպյանը:

Մարզպետը նշել է նաեւ, որ այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետեւանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության եւ բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն:

Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

Նա նշել է, որ այս տարի Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ռեկորդային թվով՝ 104 հայտեր են հաստատվել: Դրանց գրեթե կեսը՝ 51 ծրագրեր, արդեն ավարտվել են, 37-ը ընթացքի մեջ են. մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ եւ ռազմական դրություններով պայմանավորված՝ որոշ ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի:

Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ մեկնարկած եւ մեկնարկելիք շինաշխատանքներում մարզային իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ որակ եւ աշխատանքների ավարտ սահմանված ժամկետներում:

Նիստի օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաեւ ոռոգման ջրի մատակարարմանը եւ վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին:

Նշված ոլորտներում եւս առկա են խնդիրներ, որոնք ըստ զեկուցողների, պայմանավորված են համավարակի եւ պատերազմական իրավիճակի հետեւանքով տնտեսական ակտիվության նվազմամբ:

Մարզպետը նշել է, որ մեր բնակիչների հետ պետք է իրականացնել անհատական, բացատրական աշխատանքներ՝ մինչեւ տարեվերջ ցուցանիշները բարելավելու նպատակով:

Նիստի ավարտին Մ Մեսրոպյանն անդրադարձել է տեղահանված եւ ժամանակավորապես մեր մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով մարզպետարանի հետ համագործակցությամբ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ շարունակել արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:

--0--ԿԿ