Արցախի գյուղերում շարունակվում է թափուր բնակարանների և տների գրանցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

․

Մարտական գործողությունների ընթացքում Մարտունիում սկսվել ու շարունակվում է վնասված շենք-շինությունների գրանցման գործընթացը: Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի, դեկտեմբերի 10-ի դրությամբ արդեն շրջանում գրանցված են տարբեր աստիճանի վնասվածքներով 1300 բնակարան, հիմնովին ավերված է 31 տուն: Բացի բնակելի տներից ու շենքերից՝ մեծ ավերածությունների են ենթարկվել ենթակառուցվածքները, ինչպես նաև 16 վարչական նշանակության շենք՝ հիմնականում՝ Մարտունի քաղաքում, 8 դպրոցական և 3 մանկապարտեզի շենքեր:

Առավել մեծ վնասներ են հասցվել Մարտունի քաղաքում, Կարմիր շուկա, Հերհեր, Թաղավարդ Կալեր, Բերդաշեն գյուղերում: Շրջանվարչակազմում, դեկտեմբերի 10-ի դրությամբ, գրանցվել է  353 ընտանիք՝ 1650 բնակչով:

Անօթևան մնացած բնակիչներին ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով շրջանի գյուղերում շարունակվում է թափուր բնակարանների և տների գրանցման գործընթացը: Վերջին տվյալներով կա նման 125 բնակելի տուն:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջանում կա 418 ընտանիք՝ 1830 բնակչով, որոնց բնակարաններն ու ունեցվածքն ամբողջովին մնացել են հակառակորդի վերահսկողության տակ:

Նշված ընտանիքներից 325-ը՝ 1492բնակչով գտնվում են Հայաստանի Հանրապետության, 93 ընտանիք՝ 338 անդամով՝ Արցախի, այդ թվում՝ 46 ընտանիք 250 անդամով՝ Մարտունու շրջանի տարածքում:  Տեղահանված 39 ընտանիք արդեն բնակվում է Մարտունի քաղաքում, բավարարված է ժամանակավոր կացարաններով, որոնց բնակվարձը կտրամադրվի համապատասխան ծրագրի շրջանակներում:

--00--ԱՀ