Արցախի սահմաններում է մնացել նախկինում գործող դպրոցների մոտ կեսը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

դպրոց

Ստեփանակերտի դպրոցներում գրեթե 70 տոկոսով վերականգնվել է աշակերտների թիվը, 75 տոկոսով՝ մանկավարժական անձնակազմի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ գործում են գրեթե բոլոր հանրակրթական դպրոցական հաստատությունները, բացի համար 5 և համար 9 դպրոցներից:

«Ստեփանակերտի դպրոցներում մինչև պատերազմը սովորում էր 8 հազար 548 աշակերտ: Ներկայումս գործող դպրոցներում սովորում է ավելի քան 5970 աշակերտ՝ ընդ որում նաև տեղահանված բնակավայրերից եկած երեխաներ: Ասկերանի շրջանում ներկայումս սովորում է 1558 աշակերտ՝ նախկին 2452-ի փոխարեն: Շրջանում շենքային խնդիրների պատճառով առայժմ չեն գործում Շոշ, Այգեստան և Սզնեք համայնքների կրթօջախները: Մարտակերտի շրջանի դպրոցականների թիվը ներկայումս 2033-ն է՝ 3354-ի փոխարեն: Շրջանում չի գործում միայն Աղաբեկալինջի դպրոցը:

Մարտունու շրջանի կրթօջախներում այժմ սովորում է 962 աշակերտ, նախկինում՝ 3578: Շրջանի որոշ բնակավայրերում առայժմ կան դպրոցներ, որոնք պատերազմի ընթացքում ավերածությունների են ենթարկվել և վերանորոգվում են: Այդ կրթօջախների վերաբացումից հետո  շրջանի դպրոցականների թիվը կհասնի 1500-ի:

Ընդհանուր առմամբ, Արցախի սահմաններում մնացած բնակավայրերում շուրջ 100 դպրոցական հաստատություն կա՝ նախկին 217-ի փոխարեն: Պատերազմի հետևանքով մի շարք կրթօջախների շինություններ հատվածական ավերածությունների են ենթարկվել, որոնց վերանորոգման ուղղությամբ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում», մանրամասնեց Արցախի ԿԳՄ փոխնախարարը՝ հավելելով, որ տեղահանված բնակավայրերի աշակերտները առանց որևէ խոչընդոտի անմիջապես ընդունվում են այն դպրոցները, որտեղ դիմում են ծնողները:

«Ժամանակավորապես դադարեցվել է սահմանված մրցութային կարգը տեղահանված բնակավայրերից Ստեփանակերտ և Արցախի այլ բնակավայրեր տեղափոխված մանկավարժներին աշխատանքի ընդունելու համար»,- ասաց Միքայել Համբարձումյանը:

 --00—ՄՀ