Բաքվի ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News 

բաքու

Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև նրա դաշնակից Ռուսաստանի Դաշնության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը:

«Ոսկորների վրա պարերը», որոնք դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպել էին, այն անվանելով  «Հաղթանակի շքերթ», սադրանք էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, և Հայաստանի ու հայ ժողովրդի հրապարակային նվաստացում: Բայց ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին միավորող միջազգային «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը համոզված է, որ ագրեսիվ բովանդակություն ունեցող շքերթի կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Այդ կապակցությամբ հատկապես սրբապղծություն է Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտությունը, ով զուգահեռներ էր անցկացրել 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի հետ: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և ավելին ՝ հանցավոր»,- ասված է «Լազարյան ակումբ»-ի խորհրդի հայտարարության մեջ:

Ըստ խորհրդի` Բաքվում կայացած շքերթը նշանակում է ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի նեոօսմանական նկրտումների լեգիտիմացում և տարածաշրջանի պատմությունն ի շահ այդ գաղափարի վերաշարադրելու փորձ:

«Դա հրապարակավ արտահայտվել է թուրք առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ այդ միջոցառման ժամանակ, Էնվեր փաշայի բացահայտ հիացմունքով, ով եղել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, ինչպես նաև ծափահարությունների ներքո 1918 թվականի թուրքական ինտերվենտների համազգեստով զինվորականների անցումով»,- ասված է հայտարարության մեջ:

«Լազարյան ակումբ»-ի խորհուրդը նշում է, որ Հայաստանը պետք է հետևություններ անի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ծանր դասերից, միավորվի` կորուստների և հիասթափությունների դառնությունը հաղթահարելու համար: Խորհուրդը համոզված է, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը:

«Որքան արագ հայ հասարակությունը գտնի օրինական լուծում և համաձայնության գա, այնքան արագ իրական քայլեր կձեռնարկվեն Հայաստանի պաշտպանունակության, տնտեսության վերականգնման և հայ ժողովրդի ոգու վերածննդի ուղղությամբ»,- ասված է «Լազարյան ակումբ»-ի խորհրդի հայտարարության մեջ:

 --00—ՄՀ