Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք։ Երևանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից հղի կին է մահացել։ Այս մասին 24News-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ 40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ»,-ասաց խոսնակը:

Նրա խոսքով, դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին:

«Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- նշեց Նիկողոսյանը:

--0--ԿԿ