Նիկոլը սպանեց Եռաբլուրի տղաներին․ ես պայքարում եմ ոչ միայն ապագայի, այլև նրանց համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Մի խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը, և մենք՝ այսքան հզոր, խելոք, անձնազոհ մարդկանցով էդ փոքր մարդու դեմ ենք պայքարում: Այս մասին այսօր տեղի ունեցող ակցիայի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ նա ինչ արեց. այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ. նա ոչ միայն սպանեց այն 5000 հոգուն, երկրորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված մեր հերոսներին: Ես նրանց մեծ մասին ճանաչում էի, ես պայքարում եմ ոչ միայն մեր ապագայի, այլև մեր այդ տղերքի հիշատակի համար, որ զոհվեցին՝ երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց՝ պետք է պայքարել, հասնել հաղթանակի:

«Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հզոր ժողովուրդ ենք, իրարից մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք մի քիչ հիասթափվել, բայց նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունն ենք լինելու, ապահովելու ենք հաջորդ սերունդների համար բարեկեցիկ, երջանիկ կյանք»,- նշեց Մանուկյանը:

--00--ԱԹ