Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Ազատ Հայրենիք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով իր որոշումներն ու ապագա անելիքները, շեշտադրել է հետևյալ կետերը.

«Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, և տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով: Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում.

Թեև Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը.

Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ.

• Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները.

• Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ.

• Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ.

• Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ.

• Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ»:

--00--ԱԹ