«Ազգային վերածնունդ»-ը պատրաստ է լծվելու հետպատերազմյան Արցախի վերականգնման գործին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Ազգային վերածնունդ

ԱՀ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2020 թ. աշնանը տեղի ունեցած Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կրել է անդառնալի մարդկային կորուստներ: Այս ծանր օրերին, երբ թշնամին շարունակում է ոտնձգություններ կատարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ, երբ կազմալուծված են պետական համակարգն ու բնականոն կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ տարբեր ենթակառուցվածքներ, կուսակցությունը անիմաստ է համարում ներքաղաքական պայքարը և իր ողջ ներուժով լծվելու է Արցախի հետպատերազմյան վերականգնման գործին: Դեկտեմբերի առաջին կեսին կուսակցության ղեկավար անդամները խորհրդակցություններ են անցկացրել ԱՀ նախագահի, քաղաքական տարբեր ուժերի և դերակատարների հետ:

Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է նոր, ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Արցախի հետպատերազմյան վերականգնման գործում: Կարևոր ենք համարում անվտանգության երաշխիքների մեծացումը, տարբեր հարցերի շուրջ որոշակիության ապահովումը, հրատապ խնդիրների արագ լուծումը և անցումը զարգացման ծրագրերին»:

--00--ԱԹ