Վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ-ում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել է Մինսկի խումբը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Այվազյան

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին․ 

Հարց. Հայաստանը մտադի՞ր է մեղադրանքներ առաջադրել ռազմական հանցագործությունների կասկածների առնչությամբ:

Պատասխան. Պատմության ցավալի դասերը մեզ սովորեցրել են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է անպատժելիության պատճառով: Արցախի դեմ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ: Հայաստանը ցուցակագրում է փաստագրված բոլոր դեպքերը և դրանք փոխանցելու է իրավասու միջազգային կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հարց. 20 տարիների ընթացքում, Մինսկի խումը, որը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու համար, ձախողել է, այնուհետև դուրս մնացել  հրադադարի ստորագրման փաստաթղթից: Արդյո՞ք նրանք դեռ որևէ դեր կարող են ունենալ։

Պատասխան. Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից Մինսկի խմբի համանախագահների հասցեին բազմաթիվ քննադատությունների։ Իսկ մենք մշտապես համոզված ենք եղել և շարունակում ենք հավատալ, որ Մինսկի խմբի համանախագահները որոշիչ դերակատարում են ունեցել, որը թույլ է տվել վերջին քսան տարիների ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։

Հարկ է ընդգծել նաև, որ մինչ ներկայիս իրավիճակը մարտնչող կողմերի միջև խաղաղապահ որևէ ուժ չի եղել։ Շուտով նախատեսված է երեք համանախագահների այցը, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն լուծել առկախված բոլոր խնդիրները։

--00—ՄՀ