Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

խաղաղպահներ

 

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին․ 

Հարց. Նախագահ Էրդողանը չորեքշաբթի և հինգշաբթի Բաքվում էր։ Ինչպիսի՞  հարաբերություններ եք պատկերացնում Թուրքիայի հետ ապագայում։

Պատասխան. Ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ չունենք, թեև Հայաստանը որևէ նախապայման, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չի դրել հարաբերությունների կարգավորման համար։ 

Բոլորն ականատես եղան Թուրքիայի ներգրավվածությանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում։ Վերջին շրջանում Թուրքիան տարբեր տարածաշրջաններ վարձկաններ է փոխադրում՝ ապակայունացնելու նպատակով։

Վերջին տարիներին մեզ ասում էին «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունն ականատես եղավ, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել։ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իշխող ատելությունը չի վերացել, ավելին․ այն նոր պարարտ հող է գտել՝ ի դեմս Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի։

Հարց. Ի՞նչ եք կարծում հակամարտության ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

Պատասխան. Սա բավական համապարփակ հարց է։ Դուք ծանոթ եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովն ահռելի ջանքեր են գործադրել մարտերը կանգնեցնելու համար: 44 օրերի ընթացքում հրադադարի հաստատման 3 փորձ է եղել։ Հայ ժողովուրդը գնահատում է այդ ուղղությամբ ջանքերը, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել։ Արցախում ռուսական խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է։ 

Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության որոշ հատվածի աչքերում վարկաբեկված է պարտությունից հետո։ Ինչպե՞ս կառավարությունը կարող է հաղթահարել քաղաքական այս ճգնաժամը։

Պատասխան. Նմանատիպ ծանր ցնցում ապրած ցանկացած երկիր կհայտնվեր նույն իրավիճակում։ Հայաստանը անթերի ժողովրդավարություն չէ, սակայն մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել այդ բնագավառում։ Հասարակության միավորումը Հայաստանի և Արցախի շահերի գերակա  պահպանման գաղափարի շուրջ մեզ կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ 600 տարվա ընթացքում մեր նախնիները ձգտել են ստեղծել հայկական պետություն, որից մենք դարեր ի վեր զրկված ենք եղել։ Մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել այդ անկախ պետության կերտմանը: Մենք իրավունք չունենք վտանգել վերջինիս գոյությունը և անվտանգությունը։ 

--00—ՄՀ