ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

միեդ

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել է դրանք չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:

«Լսումները պայմանավորված են եղել Ադրբեջանի իշխանություններից դեկտեմբերի 3-ին ստացված դիմումով, որում կառավարությունը խնդրել էր ՄԻԵԴ-ին կասեցնել միջանկյալ միջոցների մասին գործի քննությունը, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե»:

Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին բարձրացված հարցերը վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին, և դիմումատուներից ոմանք չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքը դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև իրենց պնդումներն առ այն, որ գերիներին անդառնալի վնաս պատճառելու իրական վտանգ կա:

Դրա հետ կապված ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշել է․

«2020 թվականի սեպտեմբերի 29-ի ընդհանուր միջանկյալ միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին և հասցեագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունների մասին»:

Այդ իսկ պատճառով դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության խնդրանքն այդ միջոցը չեղարկելու մասին:

--00--ԱՀ