Հայտարարության մեջ դեմարկացիայի մասին կետ չկա, բայց դա տրամաբանական շարունակությունն է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News  

Արմեն Գրիգորյան

Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, և դրա շրջանակներում ճշգրտվում է սահմանը Սյունիքում և ոչ միայն։ Կարելի է ասել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի գործընթաց է ընթանում։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սյունիքում ամբողջովին տարածքը վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից՝ 1994-ից սկսած։ Միայն այս պատերազմի արդյունքում է, որ դեմարկացիայի պրոցեսում որոշակի հստակեցումներ են կատարվում»,- ասաց նա։

Հարցին, թե Գրիգորյանը հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում ու Կապանում, հիմնված է ինչ-որ փաստաթղթերի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկա ինչ-որ հավելյալ փաստաթուղթ, քան հայտարարությունն է, ԱԽ քարտուղարն արձագանքել է․ «Բնականաբար, միայն հայտարարությունն է։ Փաստաթուղթ ասելով՝ նկատի եմ ունեցել Խորհրդային միության ժամանակաշրջանում ձևավորված փաստաթղթերը»:

Ըստ Գրիգորյանի դեմարկացիան դժվար պրոցես է։ Ամբողջովին հստակեցում մտցնելու համար երբեմն բանակցություններ էլ են անհրաժեշտ լինում, տեղեր կան, որ բանակցություններ են լինում, տեղեր կան, որ որոշակի չափով ավելի հստակ են լինում։

« Պետք է ընկալենք՝ որևէ հենասյուն պետք է ունենանք, որովհետև չենք կարող 18-19-րդ դարի որևէ փաստաթղթով դեմարկացիա կատարել, չենք կարող նաև 1991-ից հետո ինչ-որ փաստաթղթով դեմարկացիա կատարել, որովհետև այդպիսի փաստաթուղթ գոյություն չի ունեցել։ Փորձել ենք գտնել որևիցե փաստաթուղթ, որի հիման վրա կկատարենք, որովհետև եթե փաստաթղթի հիման վրա չկատարվի, կարող են ընկալումները շատ տարբեր լինել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե դա դեռևս հողեր է տալիս Ադրբեջանին, մեզ ի՞նչ է տալիս, Գրիգորյանը պատասխանել է, որ պետք է հասկանալ՝ պատերազմի արդյունքների, ստեղծված իրավիճակի պայմաններում պետք է հստակություններ լինեն։

«Այն ժամանակ այդպիսի հստակեցումներ չեն եղել, օրինակ՝ Տավուշում, կարելի է ասել, հիմնականում կան դեմարկացիաները, որովհետև Արցախյան առաջին պատերազմի շրջանում այդ հստակությունները մտցվել են, բայց Գեղարքունիքի մարզի մի մասում, Վայոց ձորում, Սյունիքում այդպիսի անհրաժեշտություն երբեք չի եղել և այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Քանի որ, հասկանալի պատճառներով, Սյունիքում որոշակի չափով սպառնալիքները ավելին են, քան եղել են, այդ իսկ պատճառով այնտեղ կա նաև ռուսական զորք»,-նշել է նա։

Այն դիտարկմանը, որ եթե համաձայնագրում այդպիսի բան չկա գրված, ինչո՞ւ ենք մտել այդ պրոցեսի մեջ, ԱԽ քարտուղարն արձագանքել է՝ կա դրա անհրաժեշտությունը։

«Տեղեր կան, որ մենք նաև բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք»,-նշել է նա։

Անդրադառնալով հարցին՝ տեսնո՞ւմ է վտանգ, որ Ադրբեջանը մեզնից գերիներ է վերցնում, որ հետագայում դրանք փոխի հողերի հետ, Գրիգորյանն արձագանքել է՝ օրակարգում երբեք չի եղել «հող՝ գերիների դիմաց» քննարկում։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցիների հետ բանակցել համայանքապետները, Գրիգորյանը պատասխանել է, որ ցանկացած կազմակերպություն, որի վրա կա ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան նախկինում է եղել, կարող է որոշակի դեպքերում 100 տոկոս չկարողանալ իրականացնել աշխատանքը։ «Հայասատնի սահմանը 500 կմ-ով ավելացել է, ինչի հետևանքով բոլոր խնդիրները միանգանից լուծելու հնարավորություն չունենք»,-նշել է նա։

ԱԽ քարտուղարը հայտարարել է՝ այնպես չի եղել, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր հարցերը լուծվել են, հարցեր են եղել, որոնք մնացել են և ընթացիկ են լուծվում։

--00--ԱՀ