ԵՄ «Թվինինգ» ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News 

աժ

«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին։ Երկու տարի տևողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից, հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակից երկրների խորհրդարաններից։

Կողմերը քննարկել են ԵՄ «Թվինինգ» ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացնվի 2021թ․փետրվարին։

 --00—ՄՀ