Հ1-ում այսօր թեժ է լինելու. արտահերթին մասնակցող քաղաքական ուժերը կբանավիճեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր կլինի հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջև: «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են. որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: 

Ըստ նրա՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմ­նական լուրերի թողարկումից հետո: «Բայց քանի որ առաջին անգամ ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ կարծում են, որ 11 գործչի դեպքում հնարա­վոր է և ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ ևս կես ժամ տրամադրել»: 

Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը և Քրիստինե Մելքոնյանը, ինչո՞ւ ոչ Պետրոս Ղազարյանը: «Հաղորդումը կազմակեր­պելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպու­թյուններից մեկը, նրանք մեզ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լի­նեն կին և տղամարդ»: Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն: 

Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք. քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել: «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի և ելքի համար, այլ հնա­րավորություններ չունենք, և ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ. Գրիգորյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: