Փաշինյանը հիմա իշխանության չէր լինի, եթե հրապարակում չլիներ այս ընդդիմությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Սյունիքը վաճառել են, 5 մլրդով հողերը ծախել են, 50 մլրդ փոխհատուցում են պահանջելու։ Հերի՛ք է։ Սրանք կեղծ օրակարգեր են, որով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձում են լարվածության մեջ պահել հանրությանը։ Խորացող քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի լեգիտիմ ճանապարհով՝ բացառապես ընտրության միջոցով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

«Հայաստանը կկործանվի, եթե սև ու սպիտակի օրակարգից դուրս չգանք։ Եթե վերականգնվի նախկին քաղաքական իշխանությունը որևէ ձևաչափով, չենք ունենալու այն Հայաստանը, որի մասին երազում ենք։ Բայց չի նշանակում նաև, որ ներկա իշխանությունը պետք է մնա։ 

Նիկոլ Փաշինյանը հիմա իշխանության չէր լինի, հեռացված կլիներ, նրա քաղաքական իշխանության, գործողությունների գնահատականի տեսարանին ականատես կլինեինք, եթե հրապարակում չլիներ այս ընդդիմությունը։ Նրանք երբեք չեն կարող գեներացնել այն օրակարգը, որի համար հայտնվել են դրսում, երբեք չեն ստանալու հանրային աջակցություն»,- նկատել է փաստաբանը։

Նորիկյանը խոսել է նաև վարչապետի՝ Սյունիք այցելության, ընդդիմության հանրահավաքների, քաղաքական նոր իրավիճակի ստեղծման անհրաժեշտության և այլ թեմաների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ