Ազգային ժողովի արտահերթ նիստ կլինի. ինչ հարցեր են մնացել օրակարգում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

աժ նիստ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկիզբ խորհրդարանում գումարվելու է արտահերթ նիստ: Բանն այն է, որ պատգամավորները դեռեւս չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են եղել օրակարգում, եւ արտահերթ նիստում նպատակ ունեն անդրադառնալ դրանց: Արտահերթ նիստում օրակարգում մնացած հարցերը քննարկելուց հետո էլ կհայտարարվի նստաշրջանի ավարտի մասին:

Մենք տեղեկացանք, որ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերից մեկն էլ լինելու է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նաեւ կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ. հարցը ներկայացրել են Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը:

Արսեն Թորոսյանը ծանր է տարել պատգամավորների նախաձեռնությունը եւ զարմացել, թե ինչու են նրանք այդպիսի նախագիծ ներկայացնում եւ հետաձգում օրենքի կիրառումն եւ վերջնական ուժի մեջ մտնելն այն դեպքում, երբ նախագիծը բազմիցս քննարկվել է: Իսկ պատգամավորներն էլ, հատկապես՝ Բաբկեն Թունյանը, բարձրաձայնել է, թե այժմ ժամանակը չէ, որ օրենքը մտնի ուժի մեջ, եւ պետք է օրակարգից առհասարակ հանել այն եւ հետաձգել օրենքի կիրառումը: Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավեր։ Տեսնենք՝ կստացվի արդյոք ստորագրագություն հավաքել եւ ռազմական դրության չեղարկման հարցով նիստ հրավիրել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ