Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երեւանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արեւելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի եւ Փոքր Ասիայի պատմության միջին եւ ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի եւ 31 հոդվածի հեղինակ է:

Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում:  2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ռոբերտ Ղազարյանը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արեւելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից:  2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ եւ ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը:

Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արեւելք», «Հին Արեւելք», «Արեւելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ:

--0--ԿԿ