«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահը հացադուլ է հայտարարել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, ով ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից, հայտարարություն է տարածել, որում հայտնել է հացադուլ սկսելու մասին: Մհեր Եղիազարյանի տարածած հայտարարության մեջ ասված է. 

«Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.

-դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից, հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում.

-դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով

-կմասնակցեմ սույն գործով դատական նիստին

-խնդրում եմ տալ հնարավորություն՝ նշված հայտարարությունը արագ տարածելու համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հհ ԱԱծ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնել  են՝ պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014 թ. փետրվարից մինչև 2018 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:  

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն:

Այն քաղաքացիները, որոնք տուժել են Մհեր Եղիազարյանի նմանօրինակ գործողություն­նե­րից, խնդրում ենք դիմել ՀՀ ազ­գա­­յին անվտանգության ծառայություն` զան­գա­հա­րե­լով 010 57-93-16 հեռա­խո­սա­հա­մար­ով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: