ՌԴ-ն հրաժարվել է Ադրբեջանին «Բալ-Է» հրթիռ վաճառել, պատճառներից մեկն Արցախի հարցն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Ռուսաստանը հրաժարվել է «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր վաճառել Ադրբեջանին՝ ելնելով զինված ուժերի մտավախություններից։ Այդ մասին գրում է kommersant.ru-ն՝ նշելով, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ այն կարող է պոտենցիալ վտանգ առաջացնել Կասպից ծովի՝ ռուսական տարածքի ջրերում գտնվող նավատորմին:

«Ռուսաստանի համար մեկ համալիրի մատակարարումը մերժելն այնքան էլ էական չէ, վերջին տարիներին պաշտոնական Բաքուն ՌԴ-ից գնել է 5 մլրդ դոլարի ռուսական զենք-զինամթերք։ Այնպես որ, դժվար, թե դա սառեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- գում է kommersant-ը։

Ռուսական զինված ուժերի պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ նաև շատ նուրբ աշխարհաքաղաքական հարց կա։

«Վերջին տարիներին համալիրի X-35 տիպի հրթիռի գլխիկն  արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային նպատակներով գործածելու համար: Մենք չենք ուզում, որ այդ զենքն օգտագործեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»,- նշել է նա:

«Բալ-Է»-ն ռուսաստանյան «Բալ» առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ ՌԴ զինուժը սկսել է շահագործել «Բալ» համալիրը դեռևս 2008-ից, այն արտադրվում է Մոսկվայի «Մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո» ԲԲԸ-ի կողմից։ Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ X-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար, կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։