Վահե Էնֆիաջյանը Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Էնֆիաջյան

ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում:

Կարեւորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաեւ իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած եւ վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաեւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք եւ անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել:

Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ եւ արդյունավետ կատարելու համար:

 --00—ՄՀ