Արդարադատության նախարարության ենթակայությամբ կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ՀՀ Արդարադատության նախարարության ենթակայությամբ 2019թ. հունվարի 15-ից կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հիվանդանոցային և արտահիվանդանոցային, այդ թվում՝ ատամնաբուժական ծառայություններ կմատուցի ազատազրկված անձանց: Իսկ լիցենզավորումը կիրականացնի ՀՀ Առողջապահության նախարարությունը: Այս մասին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է 2018թ. նոյեմբերի 9-ին թվագրված գրությամբ:

 2018թ. սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Ն.-ի կինը և հայտնել, որ ամուսինն ատամնաբուժական օգնության կարիք ունի, սակայն քրեակատարողական հիմնարկը դա չի ապահովում՝ պատճառաբանելով, թե ատամնաբույժ չկա:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել նաև ատամնաբույժ Վ. Մ.-ն և հայտնել, որ պարբերաբար ատամնաբուժական ծառայություններ է մատուցել «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց: Սակայն քանի որ դա մշտական բնույթ չի կրել, այդ գործունեության համար լիցենզիա ձեռք չի բերել, որովհետև դրանից բխող հարկային պարտականությունները համարժեք չեն այդ գործունեությունից ստացած եկամտին: Առանց համապատասխան լիցենզիայի՝ ՔԿՀ-ում ատամնաբուժական ծառայություն մատուցելու համար նա ոչ միայն հարկվել էր, այլ նաև՝ տուգանվել ընդհանուր 400.000 ՀՀ դրամով:  Ստացվում է, որ մի կողմից խոչընդոտներ են ստեղծվում ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձանց համար, մյուս կողմից պատճառաբանում, թե ՔԿՀ-ն չունի ատամնաբույժ և չի կարող տրամադրել այդ ծառայությունը: