6-12 տարեկան արցախցիների համար «Իմ քայլը» հիմնադրամն ամանորյա միջոցառումներ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից Երևան և Հայաստանի տարբեր մարզեր տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան երեխաների համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գեղարքունիքի մարզում հիմնադրամն իր նախաձեռնությունը կյանքի է կոչում մարզպետարանի հետ համագործակցությամբ: Մարզում նախատեսված է կազմակերպել  6 նման միջոցառում, որոնք իրականացվում են Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից երեխաների՝ Գավառ տեղափոխման ծախսերը հոգացել է Գեղարքունիքի մարզպետարանը, կազմակերպչական մնացած աշխատանքները համակարգել են մարզպետարանի մշակույթի և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները: 

Դեկտեմբերի 22-ին Քալանթարցիները հանդես են եկել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների արցախցի երեխաների առջև: Բեմականացվել է «Անտառի առեղծվածը» հեքիաթը, իսկ ծրագրի ավարտին փոքրիկ հանդիսատեսները հիմնադրամի կողմից ստացել են ամանորյա նվերներ: Դեկտեմբերի 23-ին և 24-ին գավառի պետթատրոնը հյուրընկալել է մարզի մյուս տարածաշրջաններում ապաստանած երեխաներին։

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական այդ ծրագրից կօգտվեն նաև Գավառի մանկատան սաները:

--00—ԼՄ