ԼՀԿ-ն պատերազմի պատճառներն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News   

ԼՀԿ

Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չդադարող իրարամերժ հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին, պատերազմի հետևանքով մեր առջև ծառացած անվտանգային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Եվ, ըստ այդմ, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

Ըստ նախագծի՝ փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝

թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ . սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը.

պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար.

պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։

Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց (ներառյալ հատուկ կարծիք(ներ)ը՝ առկայության դեպքում), որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:

Բնականաբար, մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։

Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով»,- գրել է Մարուքյանը։

 --00—ՄՀ