ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News
Պաշտոնական Բաքուն Մոսկվայի դեսպանության միջոցով ՌԴ ԱԳՆ-ին իր մտահոգությունն է հայտնել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ հնչած ռուս պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Minval.az-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանրային դիվանագիտության նոր ձևաչափ հանդիսացող «Լազարյան ակումբի» կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկը ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման, ԱՊՀ-ի հետ առչվող հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է: Ընդգծվում է, որ նիստին ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ինչն էլ դարձել է Ադրբեջանի դժգոհության պատճառը:
«Անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին հրավիրելը, ինչպես նաև Զատուլինի և մյուս ներկաների հայտարարությունները, որոնք ակնհայտ հարձակում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նպատակ ունեն վնասելու Բաքվի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի համագործակցությանը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: